Wednesday, May 13, 2015

Աշխարհի տափակ էությունը

Էս ֆիզիկոսները մազալու մարդիկ են. տեսան ալամ աշխարհի միացյալ տեսությունը չեն գտնում, ինչ որ միաչափ լարեր-մարեր մեջ գցին… հետո էլ, թե՝ բա իմանում եք՝ տիեզերքն ու մենք էլ մեջը, շրջակա եղած-չեղածով հանդերձ ընդամենը մի հոլոգրամային պատկերք ենք։ Իմա՝ ամբողջ տիեզերքը հոլոգրամ ա։ Եգիպտական բուրգերը, Ալեքսանդր Մակեդոնացին, Խաչիկ Ստամբոլցյանը, Ջորջ Ուաշինգթոնը, Տաթևի ճոպանուղին, Նապոլեոնը, Տարոն Մարգարյանը, մեր հարևան Ռաֆիկ ձյան, ավտոս, դու, նույնիսկ՝ ես… բոլորն, ում գիտեք ու չգիտեք, երկչափ հարթության մեջ պարփակված էակներ ու օբյեկտներ ենք… կամ իսկի էակ էլ չենք. տեղեկություններ ենք… պատրանք…

Պատրանք…

Մի խոսքով՝ վիրտուալ կյանք, վիրտուալ էակներ, վիրտուալ տիեզերք… Վիրտուալն էլ որ թարգմանենք, դառնում ա «կարծական»… Կարծականություն կարծականությանց, և զամենայն ինչ կարծական է… Էս է՞իք ուզում, տիկնայք, և ավելի շատ՝ պարոնայք ֆիզիկոսներ։
Մանթրաժից դուրս գալու համար մի պահ մտածեք. է, մե՞զ ինչ… կարծական ա՜, կարծական չի՜… որ կարծական դանակը խոթեն ցանկացածիս կարծական փորը, ցավը հեչ կարծական չի թվա։ Էդ մենակ Մատրիցի Նեոին էր Թրինիթին նենց պաչում, որ տղու տանձին չէր վրեն կրակած գյուլլեքը։ Էն էլ ընդամենը Վաչովսկի քուր-ախպոր վերածված Վաչովսկի ախպերների կողմից սիրուն ձևով հրամցված կինոյում…

Մյուս կողմից էլ՝ մի տեսակ լավ չի ընկալումը, թե տափակ աշխարհի տափակ քաղաքացի ես… Ինչ ուզում ես արա՝ երկչափ հարթության մեջ բոլորս էլ տափակ ենք… կոլոտ ու բոյով, լղար ու հաստ՝ բոլորս նույն՝ զրոյական հաստության, մենակ մակերես ունեցող ծավալազուրկ էակներ ենք… մենակ մակերես… մակերեսային էակներ։ Սենց էլ աբրըմ ենք՝ մեր մակերեսային պատկերացումներով, առանց խորության… խորություն հասկացությունն իսկ որ չկա քո աշխարհի ֆիզիկայի մեջ, ու՞ր խորանաս…

Հմի էսքան բանը կարդացող մարդը ո՞նց գուշակի, որ էս պոստս սկսել էի, որ ներկայացնեմ ծծովի անդրոիդի համար բույլ մը պետքական ափփ… էն ա որ մինչ էդ սկսելն ասի մի երկու խոսք գրեմ էն մտքիս մասին, թե մարդը շոշափելի կայֆերից մանրից անցնում ա կարծականներին… թե շոշափելի աշխարհը պատրանքին ա պարտվում ու պատրանքային ապրանքները գնալով ավելի էական դեր են խաղում մեր կարծականացված կենցաղում… թե հեռախոսի միջի աշխարհն ավելի գրավիչ ա դառնում, քան դրա շրջակայքում գնվողը… ու էդտեղ հիշեցի, որ էնքան էլ պարզ չի, թե դրանցից որն ա ավելի պատրանքային… Այ էսպիսի մի խոհափիլիսոփայական կիսատ-պռատ բան ստացվեց…

Ծծովի անդրոիդի՝ նվաստիս կողմից «թոփ» մտած «ափփլիքեյշնների» մասին հաջորդիվ։ Էս վերամբարձ պոստը հո չե՞մ մխտռելու կալկուլյատոռների ու ՌՍՍ ընթերցիչների մասին նվաստիս բարբաջանքներով… Որ երկար չես գրում, հաջորդ գրածդ սենց մի ախմախություն ա ստացվում... սկզբի ժանգն ա, պիտի հոսի, որ հոսքը մաքրվի... Ներող...

No comments:

Post a Comment